Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը շարժական է, և բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը օրենքով սահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները օգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից:
Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Հարկադիր կատարողը, պարզելով համասեփականատերերի առկայությունը, գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, պարտապանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր) պատշաճ ծանուցմամբ ուղարկում է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին: Որոշումն ստացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցներից գնման նախապատվության իրավունքի իրականացման մասին գրավոր տեղեկություններ չստացվելու դեպքում գույքն իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով: Օրենքով սահմանված կարգով գույքն ուղղակի վաճառքով առաջին անգամ չիրացվելու դեպքում հետագա վաճառքներ կազմակերպելիս գնման նախապատվության իրավունքը չի գործում:
Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը օրենքով սահմանված կարգով տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա:
Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով: