Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. խափանման միջոցի ընտրության քննությունը կշարունակվի

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Փաստաբանի խոսքով՝ Արզումանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որի քննությունը կշարունակվի օգոստոսի 31-ին ժամը 19.00-ին:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել են, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Նշվում է, որ Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու  առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ եւ լիարժեք հրամանատարությունը եւ այլն: Հաղորդագրությունում նաեւ բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել