Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից:
Օրենքով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:
Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքով սահմանվածից` նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հարկատեսակի հաշվարկներ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել: