Փողոցում ինձ մոտեցավ մի երիտասարդ, Մարատ անունով, ով պատմեց, թե ինչ դժվար է իր կյանքը․ վարձով է ապրում, հաշմանդամություն ունի, երեք երեխաներ և չի հասցնում ծայրը ծայրին․ Վահան Քերոբյան

Որոշ ժամանակ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի երիտասարդ, Մարատ անունով, ով պատմեց, թե ինչ դժվար է իր կյանքը, որ մասնակցել է պատերազմներում, վարձով է ապրում, հաշմանդամություն ունի, երեք երեխաներ և չի հասցնում ծայրը ծայրին։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Օգնություն խնդրեց։

Այնպես էր ստացվել, որ այդ պատահական հանդիպման նախորդ օրը մի միջոցառման ժամանակ հանդիպել էի JCA-ի հիմնադիր Գագիկ Աբրահամյանին, ով բավականին երկար ու մանրամասն բողոքեց, որ չի կարողանում բարձր աշխատավարձով ապագա ոսկերիչներ ընդունել աշխատանքի, ովքեր, կարճաժամկետ ուսուցումից հետո կարող են 400-800հզ մաքուր աշխատավարձ ստանալ՝ կախված իրենց աշխատանքից։

Հիշելով դա, Մարատին առաջարկեցի, որ կարող եմ խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն, ու ինքն էլ իր բոլոր հարցերը կլուծի աշխատանքով։ Ինքն էլ դժկամորեն համաձայնվեց ու փոխանցեց իր տվյալները, ես էլ դա փոխանցեցի JCA-ի տնօրենին։ Վերջինս ինձ այսօր տեղեկացրեց, որ Մարատին երկու անգամ հրավիրել են ու նա չի գնացել։

Նման պատմություններ շատ են պատահում, համարյա բոլոր ընկերություններն ունեն աշխատողների սուր պակաս, բայց կան նաև շատ գործազուրկներ, ովքեր պարզապես չեն ուզում աշխատել։ Հաճախ մենք կարծում ենք, որ պատճառն ընկերությունների ցածր արտադրողականությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում վճարել մրցունակ աշխատավարձ, սակայն երբ առաջարկվող աշխատավարձը մոտ է միջին աշխատավարձի կրկնապատիկին, լրացուցիչ հարցեր են առաջանում։

Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք Ձեր կարծիքով մեկնաբանություններում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել