Պաղպաղակը արևելահայերե՞ն է, թե՞ արևմտահայերեն․ Լեզվի կոմիտեի հայտարարությունը

Լեզվի կոմիտեի հայտարարության մեջ նշվում է․ «Պաղպաղակը աղանդերային զովացուցիչ, անուշահամ ուտելիք է։ Հատկապես ամռան տապին սիրելի է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։

Հազարամյակների պատմություն ունի այս սառը և քաղցրահամ ուտելիքը։ Պաղպաղակ հիշեցնող ուտելիք ունեցել են հին չինացիները, հույները, պարսիկները, հռոմեացիները։ 1718 թ․ անգլերեն հրապարակվեց ժամանակակից պաղպաղակի առաջին բաղադրագիրը։

Անդրադառնանք այս հաճելի ուտելիքն անվանող բառին։ ՊԱՂՊԱՂԱԿ բառը գտնելու համար բացենք գրաբարի նշանավոր բառարանը՝ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (մի՞թե հնում պաղպաղակ ենք ունեցել)։

ՊԱՂՊԱՂԱԿ-ն արձանագրված է գրաբարի բառարանում, բայց բոլորովին տարբեր նշանակությամբ։ Բացատրված է որպես «սառնատեսակ քար, թափանցիկ, փայլուն որպես վանակն և բյուրեղ»։

Իմաստային զարմանալի, բայց և հետաքրքրական անցում է տեղի ունեցել․ պինդ ու կարծր քարից մինչև փափուկ ուտելիք։ Իմաստային այդ անցման հիմքերն այնուամենայնիվ նկատելի են․ քարը բնութագրվում է «սառնատեսակ», «փայլուն», «բյուրեղի նման»։ Պաղպաղակն էլ ունի այս հատկանիշները։

ՊԱՂՊԱՂԱԿ-ն այս իմաստով XIX դարի առաջին կեսից սկսեց գործածվել նախ արևմտահայ մամուլի էջերում։

ՊԱՂՊԱՂԱԿ բառի նոր իմաստը XIX դարի երկրորդ կեսին արդեն ընդհանրացել է աշխարհաբար (արևմտահայերեն և արևելահայերեն) մամուլի և գրականության մեջ։ Հիմա ՊԱՂՊԱՂԱԿ-ը հայերենի բառապաշարի մնայուն միավոր է։ ՊԱՂՊԱՂԱԿ հիմքով կազմվել են ՊԱՂՊԱՂԱԿԱԳՈՐԾ, ՊԱՂՊԱՂԱԿԱՆՈՑ, ՊԱՂՊԱՂԱԿԱՎԱՃԱՌ բառերը։

ՊԱՂՊԱՂԱԿ-ը ծնվել է արևմտահայ իրականության մեջ, սակայն հետագայում արևմտահայերը անուշահամ այդ ուտելիքն սկսեցին անվանել նաև ՍԱՌՆԱՆՈՒՇ։ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գրքում «հանդիպել են» այս երկու բառերը․ «Աղվոր ՍԱՌՆԱՆՈՒՇ է․․․ հոս ՊԱՂՊԱՂԱԿ կըսեք, ինչո՞ւ։ Անչափ դժվարամարս բառ մըն է ՊԱՂՊԱՂԱԿԸ, ՍԱՌՆԱՆՈՒՇ ավելի փափուկ չէ՞»։

Իսկ պոլսահայ բանաստեղծ Զահրատը գրել է.

Ինչպէս ըլլաք – ծովէն ելած ձուկի պէս –

Ծաղարանը նստեր էք

ՊԱՂՊԱՂԱԿ չէ – ձեր մենութիւնը կը լիզէք ծովուն դէմ –

Հին փառքերու ծովէն ելած ու շլմորած ձուկի պէս

Տիկին Բրածոյ – լքուեր էք…

ՍԱՌՆԱՆՈՒՇԸ գրանցված է բառարաններում (մի տեղ նույնիսկ տարբերակն էլ է նշվում՝ ՍԱՌՆՈՅՇ), գործածվում է նաև արևելահայերենում, եթե ուզում են պաղպաղակները տարբերակելու հարցում և խոսքում առհասարակ զանազանություն մտցնել։

Հիմա ի՞նչ, ՊԱՂՊԱՂԱԿ-ը արևելահայերե՞ն է, թե՞ արևմտահայերեն։

Պատասխանն այնքա՜ն դյուրին է՝ ՀԱՅԵՐԵՆ։

ՔԱՂՑՐ ՀԱՅԵՐԵՆ

Դավիթ Գյուրջինյանի «Զարմանալի հայերեն» գրքից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել