Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում կքննարկվի «Ավիացիայի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվել է սահմանել տուգանքի նշանակում՝ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության և միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված պահանջների չկատարման համար:
Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն՝
1) փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներ և կապահովվի ժամանած ուղևորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից,
2) նշված պահանջները չկատարելու համար տուգանքի նշանակում, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը:
Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ենթակառուցվածքների զարգացում» 3-րդ գլխի «Տրանսպորտ» 3.1 բաժնի «Օդային տրանսպորտ» մասի 2-րդ պարբերության ապահովման պահանջներից, համաձայն որի ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների եւ միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ:
Նախագծերի ընդունման դեպքում կապահովի ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջոցառումների ծրագրի վերը նշված գլխով սահմանված դրույթների կատարումը, ինչպես նաև կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտով ուղեւորների պահպանության և խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները: