Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը

Դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի են: Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Արդարադատություն իրականացնելիս դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքին:

Դատավորի և սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:
Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։ Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո։ Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և համապատասխանաբար վճռաբեկ դատարանի նախագահը կամ սահմանադրական դատարանի նախագահը:

Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել