Ինչ դիմում-բողոքներ է ստացել Կրթության տեսչական մարմինը՝ կրթական հաստատությունների վերաբերյալ

Կրթության տեսչական մարմնից (ԿՏՄ) Iravaban.net-ը ստացել է 2022 թվականի 1-ին կիսամյակում ստացված դիմում-բողոքներում բարձրացված հարցերի, բերված փաստարկների նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքների վերլուծությունը։

Վերլուծությունն իրականացվել է համաձայն հետևյալ բնութագրիչների՝

  1. քանակական պատկեր՝ ըստ ամիսների, վերահսկողության ոլորտների, սկզբնական հասցեագրման աղբյուրների.
  2. քանակական պատկեր՝ ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, ուսումնական հաստատությունների, իրականացված վարչական վարույթների տևողության, դիմումատուների սեռերի.
  3. իրականացված վերահսկողական գործառույթների (ստուգում կամ ուսումնասիրություն) արդյունքների.
  4. բարձրացված հարցերի բովանդակության:

2022 թվականի 1-ին կիսամյակում ԿՏՄ-ում ստացվել է 19 դիմում-բողոք, որից 14-ը վերաբերել են ՀՀ հանրակրթական, 4-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեությանը, իսկ 1-ը եղել է այլ բնույթի:

2021 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ՝ դիմում-բողոքների թիվը նվազել է 41%-ով (2021 թվականի 1-ին կիսամյակում ստացվել է 32 դիմում-բողոք), իսկ նախորդ կիսամյակի համեմատությամբ նվազել է 32%-ով (2021 թվականի 2-րդ կիսամյակում՝ 28 դիմում-բողոք):

Նշված 19 դիմում-բողոքներից 3-ը ԿՏՄ վերահասցեագրվել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, 5-ը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ` ԿԳՄՍՆ), 1-ը` ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմից, իսկ 10-ը ստացվել են անմիջապես ԿՏՄ-ում:

Դիմում-բողոքների թիվն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների, ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Ըստ ստացված դիմում-բողոքների` վերահսկողական գործառույթներ են իրականացվել 5 (26%) ուսումնական հասատություններում` 1 վարչական վարույթ, 4 ստուգում։

Դիմում–բողոքներից 3-ի վերաբերյալ (16%) տրվել է պարզաբանում, 3–ը (16%)՝ կարճվել են, 3-ը (16%) ընթացքի մեջ են, 1-ին (5%) ընթացք չի տրվել, 6-ում (37%) բարձրացված հարցերի ուսումնասիրությունը մասամբ (2) կամ ամբողջությամբ (4) դուրս է եղել ԿՏՄ լիազորությունների շրջանակից, որի արդյունքում դիմում-բողոքները վերահասցեագրվել են:

2021 թվականի 1-ին կիսամյակում, ըստ ստացված 32 դիմում-բողոքների, վերահսկողական գործառույթներ իրականացվել են 12-ի (38%) դեպքում՝ 4 ուսումնասիրություն, 8 ստուգում:

Դիմում-բողոքներում բարձրացված հարցերի բովանդակությունն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի.

Առավել շատ բարձրացված հարցերը վերաբերում են տնօրենի կողմից թույլ տրված անօրինականություններին և անարդյունավետ աշխատանքին:

Այս հարցին առավել շատ անդրադարձ է արվել ոչ միայն 2022 թվականի 1-ին կիսամյակում (դիմում–բողոքներից 11-ում՝ (63%)), այլև նախորդ 2 հաշվետու ժամանակահատվածներում (2021 թվականի 2-րդ կիսամյակում` 13 (46%) և 1-ին կիսամյակում՝ 12 դիմում-բողոքներում (38%)):

Ըստ դիմումների թվի՝ երկրորդ տեղում ուսումնական հաստատությունում գործատուաշխատող հարաբերություններին վերաբերող հարցն է:

Այս հարցին անդրադարձ է արվել դիմում-բողոքներից 4-ում (21%)։

Նախորդ հաշվետու ժամանակահատվածում այս հարցին անդրադարձել են 6 դիմումներում` 19%, իսկ 2021 թվականի 2-րդ կիսամյակում այս հարցին անդրադարձ էր արվել ընդամենը 1 (6%) դիմում–բողոքում:

Երրորդ տեղում են տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի և դպրոցի ծնողական խորհրդի գործունեությանը վերաբերող հարցերը։

Այս հարցերին անդրադարձել են 3-ական (16-ական %) դիմում-բողոքներում։

Նախորդ հաշվետու ժամանակահատվածում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացմանն անդրադարձ է արվել դիմում-բողոքներից 1-ում` (6%): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տվյալ հարցի վերաբերյալ ստացվել է 4 դիմում-բողոք (12.5%):

Դպրոցի ծնողական խորհրդի գործունեությանը վերաբերող հարցին նախորդ 2 հաշվետու ժամանակահատվածներում անդրադարձ չի արվել:

Այսպիսով՝

  1. դիմում-բողոքների թիվը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 41%-ով, նախորդ կիսամյակի համեմատությամբ՝ 32%-ով,
  2. վերահսկողության ոլորտներից խնդրահարույց է, ինչպես միշտ, միջնակարգ կրթության ոլորտը,
  3. միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեությանը վերաբերող 4 դիմում–բողոքներից 3-ը միևնույն ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ է,
  4. սկզբնական հասցեագրման աղբյուրը հաշվետու կիսամյակում 53%-ի դեպքերում` ԿՏՄ-ն է: Այս ցուցանիշը նախորդ կիսամյակում կազմել է 71%, իսկ նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածում՝ 56%,
  5. ստացված դիմում-բողոքների քանակով վերջին 3 կիսամյակներում Երևան քաղաքը, ՀՀ Կոտայքի մարզը համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականներում են, սակայն ՀՀ Կոտայքի մարզի դեպքում առկա է դիմում-բողոքների քանակի նվազման միտում,
  6. վարչական վարույթների իրականացման միջին տևողությունը նվազել է 23%-ով (13 օրից դարձել է 10 օր),
  7. գերակշռում են կին դիմումատուները` 4%,
  8. ըստ ստացված դիմում-բողոքների՝ վերահսկողական գործառույթների տոկոսային թիվը նախորդ կիսամյակի համեմատ նվազել է 6%-ով (2021թ. 2-րդ կիսամյակ` 32%),
  9. տնօրենի կողմից թույլ տրված անօրինականություններին և անարդյունավետ աշխատանքին վերաբերող հարցը շարունակում է մնալ դիմումներում առավել շատ բարձրացված հարցը,
  10. դիմում-բողոքներից 4-ում (21%) բարձրացված հարցերը դուրս են եղել ԿՏՄ լիազորությունների շրջանակից, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիները բավարար չափով ծանոթ չեն ԿՏՄ լիազորությունների շրջանակին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել