Դեռևս Գոշի «Դատաստանագրքում» առաջ է քաշվել մարդասիրության սկզբունքը

Ներկայիս ՀՀ քրեական օրենսդրության սկզբունքների մեջ ամենակարևորներից են ըստ մեղքի պատասխանատվության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները:

Ինչու հենց նշված սկզբունքները, պատասխանն ակնհայտ է. բարոյականության տեսանկյունից ևս չի կարելի անձին պատասխանատվության ենթարկել մի արարքի համար, որը կատարվել է մեկ այլ անձի կողմից կամ թեկուզ տվյալ անձի կողմից, բայց առանց մեղքի:

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է. «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:

Օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է(հոդված 9):

Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար(հոդված 10)»:

Հատկանշական է, որ դեռևս միջնադարյան Հայաստանում Մխիթար Գոշի կողմից 1184թ. կազմված «Դատաստանագրքում» Գոշն առաջ է քաշել մարդասիրության սկզբունքը:

Մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում Գոշն առաջ է քաշել երկու սկզբունք`

· Քրեական պատասխանատվության հիմքում պետք է ընկած լինի մեղքը` այսինքն, միայն մեղավորությամբ կատարված արարքի համար մարդուն կարելի է ենթարկել քրեասկան պատասխանատվության:

· Պատասխանատվության անհատականացումը, այսինքն, մարդը ենթակա է քրեական պատասխանատվության միայն սեփական արարքի համար:

Բացի այդ, ըստ «Դատաստանագրքի» ` պատիժը պետք է համապատասխանի կատարված արարքի վտանգավորության աստիճանին, պատիժ նշանակելիս պետք է պարզել հանցագործի անձը, մեղքի ձևը, հանցագործության կատարման միջոցներն ու մեթոդները, շարժառիթներն ու առաջացած հետևանքները:

Պատժի նպատակը, ըստ Գոշի, ոչ միայն ֆիզիկական տանջանքների ենթարկելն է, այլ նաև հանցագործին խրատելը և ուղղելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել