«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ

Օգոստոսի 20-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի  փրկարարական ծառայողները։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Օգոստոսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը 53 քաղաքացու տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել