Խաբել են, թե գնում են մեքենան ու գողացել են այն. ոստիկանություն

Օգոստոսի 19-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն է զանգել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ փախցրել են իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ի սահմաններում երկու անհայտ անձինք, մեքենան գնելու նպատակով, եկել են Զովունի գյուղի բնակչի տուն, այնուհետև մեքենայատիրոջ հետ «ԲՄՎ»-ով դուրս են եկել Զովունի-Եղվարդ ճանապարհ, իսկ մեքենան վարել է անհայտ անձանցից մեկը: Այդ ընթացքում մեկ այլ անձ «Մերսեդես» մակնիշի մեքենայով փակել է «ԲՄՎ»-ի ճանապարհը, ինչից հետո մեքենայատիրոջն իջեցրել են մեքենայից, բռունցքով հարվածել դեմքին և վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ «ԲՄՎ»-ով հեռացել են:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են դեպքի հանգամանքները: Պարզել են նաև փախցրած մեքենայի և բջջային հեռախոսի գտնվելու վայրը: Արարատի մարզի Սուրենավան գյուղի Սպանդարյան փողոցի հասցեներից մեկում մեքենան և հեռախոսը հայտնաբերվել են:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նաև կողոպուտը կատարած անձանց ինքնությունը: 56-ամյա, 45-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել