Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել։
«Համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել…
Ներխուժած անձը դեռևս գտնվում է համայնքապետարանի շենքում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետարանի շենքն այս պահին շրջափակված է ոստիկաններով։ Ոստիկանները փորձում են բանակցել այն անձի հետ, ով նախնական տեղեկությունների համաձայն, զինված մուտք է գործել համայնքապետարանի շենք։
Ականատեսների խոսքով՝ քաղաքապետարանի շենքի բակից պայթյունի ձայն է լսվել։ Արձակուրդում գտնվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տեղեկանալով համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին՝ շտապ վերադարձել է արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ է։
«Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա»,-գրել է նա։
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ անհայտ անձը զինված է նռնակով ու հրազենով։