Քրեական օրենքի հետադարձ ուժը

Քրեական օրենքին հետադարձ ուժ է տրվում երեք դեպքում.

1. Եթե նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը,
2. Եթե նոր օրենքը մեղմացնում է պատիժը,
3. Եթե նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:

Նոր քրեական օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող նաև մասնակի ապաքրեականացման ժամանակ, երբ արարքը չի դադարում հանացագործություն լինելուց և չի վերացվում սակայն հանցակազմը այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է:

Նոր քրեական օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե.
ա. Սանկցիայում նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն չափերը միաժամանակ իջեցվում են,
բ. Նվազագույն չափը մնում է նույնը, առավելագույնը իջեցվում,
գ. Առավելագույնը թողնվում է նույնը, նվազագույնը իջեցվում է,
դ. Սանկցիայում նախատեսված պատժատեսակը փոխարինում է ավելի մեղմ պատժատեսակով,
ե. Սանկցիայում նախատեսվաց պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի,
զ . Նոր օրենքով նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:

Որոշակի բարդություն է ներկայացնում այն իրավիճակը, երբ քրեական նոր օրենքով սանկցիայում նախատեսված պատժի նվազագույն չափը բարձրացվում է, իսկ առավելագույնը իջեցվում, կամ հակառակը` նվազագույնը իջեցվում է , առավելագույնը բարձրացվում:

Եթե նոր օրենքով սանկցիայի վերին սահմանը բարձրացված է, իսկ նվազագույնը` իջեցված, ապա այդպիսի օրենքը ընդհանուր առմամբ համարվում է խստացնող և հետադարձ ուժ չունի: Բայց այս դեպքում անհրաժեշտ հաշվի առնել այն հանգամանքը, որ սանկցիայի նվազագույն սահմանը իջեցված է, և կարելի է այդ մասով օրենքին հետադարձ ուժ տալ ` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելով:

Հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն այն օրենքն է, որը չի վերացնում արարքի հանցավորությունը և չի մեղմացնում պատիժը, սակայն քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու կարգի ու պայմանների հետ կապված` առավել նպաստավոր պայմաններ է ստեղծվում հանցանք կատարած անձի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել