Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:
Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ-ում օգոստոսի 17-18-ին հայտարարվել է սուգ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Պայթյունի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, այդ թվում հղի կին և անչափահաս։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։