Սպանություն Լոռիում․ ոստիկանություն

Օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճաբանել են, քաշքշել իրար, հայհոյել, ինչից հետո 54-ամյա տղամարդը իր «ՈՒԱԶ»-ով գնացել է Հագվի, տնից վերցրել երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ 2 անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կաճաճկուտ-Աքորի ճանապարհին Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը, հանցագործության գործիք հրացանով հանդերձ, հայտնաբերվել է: Նա ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել