ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առևանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել և «Opel» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղսմարդուն: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են վերջինիս նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:
Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան տարել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ, պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը և ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկություններով՝ ընտանիքի անդամներից գումար պահանջել: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ստանալով պահանջված գումարը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Մանուկյանին և Արմեն Քամալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
————
Դեպքի վերաբերյալ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:
Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ոչ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:
Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:
Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: