Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․ Գարեգին Բ

Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը։

«Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին:

Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:

Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և մեկ վերամբարձ կռունկ։

Ըստ Առողջապահության նախարարության հայտնած տվյալներով կա 3 զոհ, իսկ 61 քաղաքացի տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ։

Նշենք, որ փլատակներից դուրս էին բերվել նաև 5-ամյա աղջիկ և հղի կին։ Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ կնոջը և պտղին վտանգ չի սպառնում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ անհետ կորած է համարվում 19 քաղաքացի։

Արտակար իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։ Համապատասխան սարքավորումները բերվել են դեպքի վայր։ Տեղում աշխատում են նաև կամավորների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել