«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած։