Մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին․ Արսեն Թորոսյան

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները իհարկե հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ժամանակին առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ (բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների), ինչը սակայն հետագայում ընթացք չստացավ, քանի որ վրա հասավ կովիդի համաճարակը և մեր առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին։

Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՜ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՜ խուսափենք նման դժբախտ պատահարներից։

Հ.Գ. հուսամ այս պատահարից զոհեր և տուժածներ չենք ունենա»,-նշել է նա։

ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել