Իհարկե, Ադրբեջանի կազմում մենք չենք ունենալու ոչ մի բան, Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է, որն ապացուցվել է պատմության մեջ: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ն հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Հետեւաբար բոլորս պետք է շատ լավ հասկանանք եւ հանկարծ չխաբնվենք եւ չմտածենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է նման տարբերակով»,-ասում է նա:
Բաբայանի խոսքով` անկողմնակալ վերաբերմունքի դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նման հայտարարության համար միջազգային կառույցների կողմից պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր:
«Իհարկե, Ալիեւը չի էլ թաքցնում` ինքը սկսել է պատերազմը, ինքն ագրեսոր է, ինքը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, հանդիսանում է նաեւ ցեղասպան քաղաքականության իրականացնող, հետո ինչ: Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը պապանձված է, լուռ է, մենք տեսնում ենք` այն կազմակերպությունները, որոնք պետք է ահազանգեն, նույնպես պապանձված եւ լուռ են: Այն, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, դա շատ ակնհայտ է ու պարզ է եւ դրա մասին փաստում են բոլոր միջազգային փաստաթղթերը, այդ թվում նաեւ այդ չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Բնական է, որ այսպիսի հայտարարություններով Ալիեւը փորձում է տապալել միջազգային կարգավորման գործընթացը, բայց չեմ կարծում, որ դա իրեն կհաջողվի»,-ասել է Բաբայանը:
Նշենք, որ Ալիեւի այս հայտարարութուններին արձագանքել է միայն Ստեփանակերտը, պաշտոնական Երեւանը դեռ լուռ է:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ, կլինեն Ադրբեջանի սովորական քաղաքացիներ: