Կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։ Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ինչը մեր երկրի և միջազգային պարտավորությունից է բխում, և նաև մեր Կառավարության հանձնառության հնգամյա ծրագրից»,- ասաց Ժամակոչյանը։
Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։
«Անձնական օգնականի ծառայությունը կարող են ստանալ հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ»,- ասաց Ժամակոչյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծով նախատեսվում է, որ 2450 անձ կստանա անձնական օգնականի ծառայություն։
«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի։ Նաև անձնական օգնական կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը»,- ասաց Ժամակոչյանը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։ Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։
Ծառայությունը կներառի հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝
- անձնական հիգիենան պահպանելու,
- սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,
- սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,
- կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն),
- այլ գործողություններ կատարելու և մի շարք այլ հարցերում, որոնք անձի կարիքներից ելնելով կամրագրվեն կնքված պայմանագրում։
Այսպիսով, նախագծի շրջանակներում ակնկալվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անկախ կյանքին ուղղված ծառայությունների համակարգը, ներդնել մեխանիզմներ՝ ապահովելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների, անկախ կյանքը և համայնքում ներառվելու իրավունքը։
_________
Բացի այդ, կառավարությունը որոշում է ընդունել խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին։ Կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձևավորելով երաշխիքներ և կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։
Համաձայն նախագծի, խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը կարող է դիմել դատարան և պաշտպանել իր շահերը՝ Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով։
_________