Ընդհանուր կանոնի համաձայն, պայմանագրի (գործարքի ) հասարակ գրավոր ձևը չպահպանելը չի հանգեցնում դրա անվավերության: Այդ հանգամանքը պարզապես կողմերին զրկում է պայմանագրի (գործարքի) կնքման փաստը կամ դրա պայմանները բանավոր վկայություններով հիմնավորելու հնարավորությունից:
Այլ կերպ ասած` պայմանագրի` որպես միասնական փաստաթղթի կամ մի քանի փաստաթղթերի ամբողջության բացակայության դեպքում շահագռգիռ անձն իրավունք ունի ապացուցելու գործարքի կնքման փաստը այլ ձևերով` բացառությամբ բանավոր վկայությունների:
Նման ապացույցներ կարող են հանդիսանալ նամակները, վճարման վերաբերյալ փաստաթղթերը:
Հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության` միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Գրավոր ձևը չպահպանելու արդյունքում առոչինչ են արտաքին տնտեսական պայմանագրերը, գրավի մասին պայմանագրերը: