Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը։
Նշված հոդվածի դրույթները չեն տարածվում պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների վրա։
Նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով։
Ըստ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների` բարձրաստիճան պաշտոնատար անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել։