Ընտանեկան բժիշկն ընտանիքի անդամներին (անկախ նրանց տարիքից, սեռից, էթնիկական խմբից և կրոնական դավանանքից) առաջնային բժշկասոցիալական օգնություն ցուցաբերող շտապ օգնության ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող և համապատասխան մասնագիտացում ստացած բժիշկն է:
Ընտանեկան բժիշկն իրականացնում է առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, առաջնային բուժում և առողջության վերականգնում՝ հիմնվելով անհատի, նրա ընտանիքի, մասնագիտական ու սոցիալական պայմանների մասին իր գիտելիքների և իմացության վրա:
Ընտանեկան բժիշկ կարող է աշխատել այն մասնագետը, որը յուրացրել է տվյալ մասնագիտական որակավորմանը համապատասխան ուսումնական ծրագիրը և որակավորվել այդ մասնագիտությամբ:
Ընտանեկան բժիշկն իրականացնում է առաջնային բժշկական օգնություն անհատական, խմբային (այլ ընտանեկան բժիշկների հետ համատեղ) կամ թիմային (ընդգրկում է այլ մասնագետների, օրինակ՝ մանկաբույժ, գինեկոլոգ, ստոմատոլոգ և այլն) պրակտիկայի ձևով:
Ընտանեկան բժիշկը կարող է իր գործունեությունն իրականացնել բժշկական հիմնարկներում՝ անկախ դրանց սեփականության ձևից, ինչպես նաև ծավալել մասնավոր պրակտիկա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Ընտանեկան բժիշկը (ընտանեկան բժիշկների խումբը) կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական ապահովագրական և բժշկական կազմակերպությունների հետ:
Ընտանեկան բժիշկն ընտանիքներին առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերում հավաքագրման սկզբունքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող ընտանեկան բժշկի գործունեությանը վերաբերող կարգի և մեթոդական ցուցումների:
Ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ, մասնակցում է ընտանիքի բժշկասոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:
Ընտանեկան բժիշկը ղեկավարվում է սույն դրույթներով և բնակչության առողջության պահպանման հարցերին վերաբերող իրավական ակտերով:
Ընտանեկան բժշկի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` որպես լիցենզավորող, ինչպես նաև պետական պատվեր տեղադրող մարմին:
Ընտանեկան բժիշկը պետք է տիրապետի բնակչության բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին, իմանա հանրապետության առողջապահության համակարգի կառուցվածքը և գործունեության հիմնական սկզբունքները, իր մասնագիտական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա պլանավորել իր աշխատանքը, իրականացնել առողջապահական վերլուծություն, համագործակցել այլ մասնագետների և ծառայությունների հետ:
Ընտանեկան բժիշկը պարտավոր է պահպանել բժշկական էթիկայի կանոնները:
Ընտանեկան բժիշկը կրում է պատասխանատվություն իր իրավասությունների սահմաններում ինքնուրույն ընդունած որոշումների համար: Հակաօրինական գործողությունների կամ անհրաժեշտ գործողություններ չկատարելու համար, որով վնաս է հասցրել հիվանդի առողջությանը կամ նպաստել նրա մահվան ելքին, կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: