Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր

Այսօր՝ օգոստոսի 7-ին ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը սկսեց բնաջնջել քրիստոնյա ասորիներին, հայերին և հույներին։

1914-1923 թթ ցեղասպանության զոհ դարձավ ավելի քան 750,000 ասորի,

ինչը զգալիորեն ազդեց ազգի ապագա զարգացման, մշակութային ակտիվ քաղաքականության պահպանման վրա, քանի որ կոտորածը զգալիորեն նվազեցրել էր ասորի բնակչության թվաքանակը:

Օսմանյան կայսրությունում ապրող ասորիների, հայերի և հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն է համարվում։

Ասորական բոլոր հասարակական կազմակերպություններն ու եկեղեցին որոշեցին հենց օգոստոսի 7-ին իրենց հարգանքի տուրքը մատուցել ասորի անմեղ զոհերի հիշատակին, որովհետև հենց օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքում գտնվող Սըմել քաղաքում մեկ օրում ավելի քան 5000 ասորի ենթարկվեցին դաժան սպանությունների և տեղահանումների:

Ցավոք, 1933-ից հետո էլ ասորիներն առ այսօր իրենց պատմական հայրենիքում ենթարկվում են սպիտակ ցեղասպանության: Այսպես, 2014թ. Իսլամական Պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը սկսեց ասորական պատմության ջնջման իրենց սև գործը:

Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի ասորիների ցեղասպանության, ինչպես նաև բոլոր քրիստոնյա ազգերի ցեղասպանությունների ընդունման և ճանաչման հարցում։

Միայն մարդկության դեմ կատարված հանցագործությունները դատապարտելով կարող ենք կանխել նոր ցեղասպանություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել