ԵԱՀԿ-ն ծայրաստիճան մտահոգված է զինված միջադեպերի և զոհերի կապակցությամբ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Լեհաստանի նախագահությունը «ծայրաստիճան մտահոգված է Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին» հաղորդագրությունների կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը այդ մասին հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապաէսկալացում հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար: Մենք առաջվա պես հանձնառու ենք աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», – նշված է լեհական նախագահության հայտարարության մեջ:

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղի գոտում սկսվել էր օգոստոսի 1-ից, երբ ըստ Արցախի Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտյան 09:00-ից սկսած սադրանքի էին դիմել Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում՝ փորձելով հատել շփման գիծը: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը: Ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվել էին նաև հետագա օրերին: Օգոստոսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները նոր հարձակում էին ձեռնարկել շփման գծի հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ կիրառելով հարվածային անօդաչու սարքեր, ինչի հետևանքով զոհվել էր Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայող, ևս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ էր ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել