Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։

ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։

Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ։

————————

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել