Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են:
Նոտարական գործողությունների սակագները սահմանված են Կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշմամբ:
Նշված որոշմամբ սահմանված են նոտարի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողության համար գանձվող գումարի նվազագույն և առավելագույն չափերը, որոնց շրջանակում էլ նոտարը որոշում է վճարի չափը:
Բացի վերը նշված վճարից, նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է նաև պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Կառավարության վերը նշված որոշմամբ հստակ սահմանված է, որ նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը:
Նոտարն իրավունք ունի ստանալու փոխհատուցում` նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կատարած կամ կատարելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով: