Ի՞նչ եղանակներով են հատուցվում ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասները

Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով:

Վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

Եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով:

Նշված կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ պատասխանատվություն կրողի վարչարարության հետևանքով առաջացած դրությունը, օրենքի կամ այլ իրավական ակտի ընդունման կամ փոփոխման ուժով, ոչ իրավաչափ է դառնում հետագայում, և այդ դրության հետևանքները կարող են վերագրվել տվյալ պատասխանատվությունը կրողին և ենթակա չեն վերացման այլ կարգով:

Հետևանքները վերացնելը բացառվում է, եթե փաստացի կամ իրավական հիմքերով հնարավոր չէ նախկին դրության վերականգնումը, ինչպես նաև այն դեպքում, երբ գոյություն ունեցող դրությունը համապատասխանում է անձի համար անվիճարկելի դարձած վարչական ակտին:

Եթե անձը մեղք ունի ոչ իրավաչափ դրության առաջացման համար, ապա նա հետևանքների վերացում կարող է պահանջել, եթե ցանկանում է և ի վիճակի է կրելու հետևանքների վերացման` իր մեղքով առաջացած ծախսերի մասնաբաժինը:

Պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

Վնասի հատուցում պահանջող անձը կրում է վնասի հետևանքների վերացման ծախսերն այն չափով, որ չափով դրանք առաջացել են իր մեղքով:

Եթե անձն ի վիճակի չէ կրելու այդ ծախսերը, ապա նա պարտավոր է վնասի հատուցման պահանջը սահմանափակել այն ծախսերի չափով, որոնք առաջացել են պատասխանատվություն կրողի մեղքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել