Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժում համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նույն օրը հանրահավաքներ եւ միջոցառումներ տեղի կունենան նաեւ Արցախում։ Սա չի նշանակում, որ ընթացքում մենք անհրաժեշտության դեպքում հանրահավաքներ եւ շտապ հավաքներ չենք ունենալու։ Խնդրում եմ՝ որեւէ մեկը սա չշահարկի։ Մենք պարբերաբար լինելու ենք կապի մեջ, ուշադիր հետեւելու ենք աշխարհաքաղաքական բոլոր իրադարձություններին։ Որեւէ իրադարձություն մեր աչքից չի վրիպելու, անարձագանք չի մնալու»,- ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ օգոստոս ամսվա ընթացքում շարունակվելու են շարժման անդամների մարզային այցելությունները։
«Մարզային խորհուրդները ձեւավորված են, դրանց պետք է միս ու արյուն տանք ու լիարժեք աշխատացնենք։ Մեր հանձնախմբերի եւ կոմիտների աշխատանքը եւս պետք է դարձնենք լիարժեք։ Ապա կամփոփենք արված աշխատանքները եւ հանդես կգանք հաշվետվությամբ։ Օգոստոսի կեսերին կկազմակերպենք համահայկական «Դիմադրություն» ֆորում, որտեղ կհավիրենք Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայտնի գործիչների եւ մտավորականների»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը բոլոր կարող ուժերին կոչ արեց դուրս գալ պայքարի եւ կենտրոնացնել ուժերը, քանի որ այլ տարբերակ չկա։
«Ովքեր ուզում են, կարող են գալ այս հարթակ։ Ուզում են՝ թող գնան այլ հարթակ, մենք կկանգնենք իրենց կողքին։ Չեն ուզում կանգնենք իրենց կողքին, կօգնենք։ Ամենակարեւորը՝ լինի միասնական նպատակ՝ այս չարիքի իշխանության հեռացումը»,- հայտարարեց Սաղաթելյանը։