10,8 միլիոն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար

ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է 10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: 

Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Համահայկական հայագիտական օլիմպիադաները 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումներն են, որոնք խնդիր ունեն խրախուսելու հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնելու նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

2003 թվականին նախարարությունն առաջին անգամ կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադան, որն իր շուրջն է հավաքել Սփյուռքի 4 երկրների և ՀՀ ընդամենը 29 դպրոցականների: 2005թ.-ին օլիմպիադային  մասնակցել է արդեն 105 երիտասարդ՝ 7 երկրից: Նույն տարում միջոցառման շրջանակում անցկացվել է Հայագիտական գիտելիքների մրցույթը, և  մասնակիցների ընդհանուր թիվը հասել է 150-ի: 2015թ.-ից միջոցառումը ստացել է «Հայագիտական համահայկական օլիմպիադա» անվանումը։ 

Օլիմպիադային մասնակցում են հայկական կրթօջախների՝ 14-18 տարեկան համապատասխան գիտելիքներ ունեցող սաները: Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին: Միջոցառումը, որպես կանոն, տևում է 1 շաբաթ, որի ընթացքում, բացի հիմնական մրցույթներից, անցկացվում են բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կազմակերպվում են այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ճանաչողական այցեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել