Դատարանի դահլիճում շատ էմոցիոնալ վիճակում էի, րոպեում սրտի 132 հարված և թույլ չեն տվել պլաստիկե շշով ջուր դատարան անցկացնել․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կոչով դիմել է գործընկերներին՝ նշելով․

«Այսօր դատական նիստի էի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ։ Հայտնի պատճառով շատ էմոցիոնալ վիճակում էի (iWatch-ս ցույց էր տալիս րոպեում սրտի 132 հարված՝ ոչ ակտիվ վիճակում), ուստի դահլիճում գտնվող ընկերոջս խնդրեցի ջուր բերել։

Մոտ կես ժամ ուշացավ։ Պարզվեց՝ կարգադրիչներն արգելել են պլաստիկե շշով ջուր բարձրացնել «անվտանգության նկատառումով», ընկերս էլ ստիպված էր ընկնել ու մեկանգամյա օգտագործման բաժակներ գտնել…

Կարծում եմ՝ հատկապես ամառը «անվտանգության նկատառումներով» պլաստիկե շշով ջուր դատարան անցկացնելու արգելքը առնվազն անմարդկային է ու հակաիրավական։ Այդ ապուշ պահանջը պետք է չեղարկվի ու շատ արագ։

Կոչ եմ անում փաստաբան գործընկերներիս մոտակա մի քանի օրը դատարան գնալիս տանել պլաստիկե շշերով ջուր և մեր «հին ձևերով» ապահովել, որ այդ ապուշ արգելքը ի չիք լինի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում՝ գիտակցությունը կորցնելուց հետո։ Այդ պահին նրա կողքն էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել