Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։
Այս մասին տեղեկանում ենք Аliq.ge-ից։
Ղարիբաշվիլիի խոսքով, ողջունելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանում է Թբիլիսիում։
Տեղեկության համաձայն՝ վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպումը հաջող կանցնի և կնպաստի երկխոսության դրական դինամիկային։
«Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Վրաստանի վարչապետի անձնական ջանքերը՝ որպես հաջող միջնորդ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղ հարևանության նախաձեռնությունը և փոխշահավետ գործակցությունը տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նշվել է, որ երկխոսության այս հարթակը կնպաստի տարածաշրջանային հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։
Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և այս ուղղությամբ առկա մարտահրավերները.
«Բայրամովը վարչապետին հավաստիացրել է Ադրբեջանի հաստատակամ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը նույնպես հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։