Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ իր պաշտպանյալ Նարեկ Մանթաշյանը հիվանդանոց է տեղափոխվել։
«Հենց նոր Վարդաշեն ՔԿՀ-ից տեղեկացրեցին, որ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Այս խնդիրը հետևանքն է շաքարային դիաբետի չափազանց բարձր ցուցանիշի (20-28, ինսուլինային կախվածությունը օրեկան 100 մգ):
Այս իշխանությունները հասկանալով, որ ջուր քրեական գործերով այլևս անհնար է անձանց պահել անազատության մեջ, անում են իրավիճակից բխող ամեն ինչ, որ քաղբանտարկյալները մահանան: Դատավոր Ֆարխոյանն էլ շուրջ մեկ ամիս ժամանակ չգտավ, որպեսզի շտապ նիստ գումարի և քննարկի կալանավորման հետ անհամատեղելիությունը պարզելու միջնորդությունը, իսկ պետությունը ակնհայտորեն տապալում է Ն. Մանթաշյանի առողջության պահպանման գործառույթը:
ՔԿՀ վարչակազմը և բժիշկները եղած ռեսուրսներով անում են ամեն ինչ, բայց այդ ամենը բավարար չէ անձի առողջությունը պահպանելու համար, քանի որ չունեն համապատասխան միջոցներ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, մի խումբ այլ քաղաքացիների հետ հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքի մոտ և մուտք գործել ներս:
Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Վերջինս մեղադրվում է նաև Կառավարության շենքից հափշտակություն (ՀՀ դրոշ) կատարելու համար: