ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Այս մասին տեղեկանում ենք քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Հուլիսի 14-ին և 15-ին Տեսչական մարմինը կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 19 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։
«Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննան է։
2 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։