Կառավարությունն այսօր որոշեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծել։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Ընդ որում, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։
«Բացի այդ, նախատեսվում է, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։
ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը իրականցվելու են ի հաշիվ վերը նշված հատուցման ծախսերի և դրա սահմաններում, քանի որ այդ ծախսերն ամբողջությամբ ներառում են հավատարմագրային կառավարչի՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի պահպանման, այդ թվում՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի (գույքի) կառավարման, շահագործման, տեխնիկական սպասարկման նպատակով կատարվող ծախսերը», – նշվում է որոշման նախագծում:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջարկեց ՊՈԱԿ-ի համար ավելի կարճ անուն մտածել, որպեսզի հեշտ լինի արտաբերելը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց նախարարի հետ, նշեց՝ դա «բրենդինգի» հարց է․ «Գաղափարը հետաքրքիր է, եկեք տարբերակներ մտածենք»։
Շատ չանցած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր տարբերակը առաջարկեց, որը զվարճացրեց կառավարության անդամներին և հատկապես Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։