Սա ՊՈԱԿ-ի մասին օրենքի խախտում է. Անահիտ Բախշյանը՝ էլեկտրոնային ատեստատների մասին

Շատ կուզեի հասկանալ, թե ո՞րն է այս որոշումը կայացնելու հիմնավորումը, չէ՞ որ յուրաքանչյուր անհատի համար շատ կարևոր է միշտ ձեռքի տակ ունենալ ատեստատի պետական նմուշի պաշտպանված փաստաթուղթը, հատուկ տպագրությամբ։ Այս մասին գրառում է կատարել Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը:

«Հիմա այն տպվելու է A4 ֆորմատի պարզ թղթի վրա, որը երբեք մնայուն չի կարող լինել, բայց շատ էժան է։ Գուցե պետական միջոցների խնայողությո՞ւնն է հիմնավորումը, շատ տխուր կլինի, եթե հանկարծ պարզվի, որ այդպես է։ Այս լուրի տակ գրված մեկնաբանությունները փաստում են, որ այդ ծրագիրը խամ ու խակ է, դպրոցների տնօրենների, շրջանավարտների և նրանց ծնողների համար լուրջ դժվարություններ է ստեղծել և մարդիկ ցայտնոտի մեջ են, որովհետև ԲՈՒՀ-երում շուտով սկսվում են մրցույթները։

Խնդիր կա հատկապես այն շրջանավարտների համար, ովքեր ընդունվել են դրսի այնպիսի բուհեր,որտեղ պահանջում են ատեստատի թղթային վավերացված տարբերակը։ Նոնսենս է նաև այն, որ ատեստատում միայն հայերեն է գրվում, ինչպես տեսա Հերացի ավագ դպրոցի աշակերտներից մեկի ատեստատում, ծնո՞ղը պիտի ծախս անի թարգմանության համար, իմ կարծիքով սա խախտում է նաև Հայաստանի և շատ պետությունների հետ կնքված կրթության ոլորտի պայմանագրերը։

Իմ տեսած ատեստատում ճիշտ չէր գրված դպրոցի անունն ու ստորագրությունների մասում «Տնօրեն»-ի փոխարեն գրված էր «Ուսումնական հաստատության ղեկավար», սա ՊՈԱԿ-ի մասին օրենքի խախտում է։ Մի խոսքով, այս որոշումը դեռևս հիմնավորված չէ, շատ խնդիրներ է առաջացրել, կարծում եմ պետք է որոշ հարցեր վերանայվեն»,-նշել է նա:

Ավելի վաղ  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարություն էր տարածել.

«Հուլիսի 7-ից արդեն հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին:

Դպրոցները կարող են աշակերտին տրամադրել ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ՝ միայն փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը:

Դրանից հետո աշակերտը կամ ծնողը կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև՝ ներբեռնել և տպել այն:

Դպրոցների տնօրեններնի կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլերով՝ նախնական և հիմնական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել