ԱԺ-ում Պապիկյան Սուրոն ամպագոռգոռ ելույթներ է ունեցել, թե ինչպես պաշտպանել հայրենիքը. Գեղամ Մանուկյան

Գիշերը վերադարձա Սյունիքից: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ պաշտոնաթող գեներալ-մայուր Վալերի Քոչարյանի հետ այցելել էինք Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկերացում կազմելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի, Կապանի համայնքային պաշտոնյաների հետ այցելեցինք Ներքին Հանդ եւ Շիկահող համայնքներ, հանդիպեցինք բնակիչների հետ։ Հատկապես առանձնահատուկ էր Ներքին հանդում զրույցը՝ մտահոգություններ, հերոսական անցյալի հուշեր, ապագայի շուրջ անորոշություն եւ հարցադրումներ։

Բնակչուհիներից մեկը խնդրեց փոխանցել հետեւյալը. Քոչարյան Անդոն, փոխանակ ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանին դիմի ու իբր փոխանցի Ներքին Հանդի բնակիչների խոսքը, ավելի լավ կանի՝ ինքը ելնի ու գա գյուղ, որ գոնե մեկ անգամ տեսնի իրենց ավերի արդյունքը, ու համոզվի, որ իշխանությունները ստում են, երբ ասում են, թե թշնամական առաջխաղացում այս հատվածում չի եղել։ Այս փաստն անզեն աչքով էլ տեսանելի էր։ Ակնհայտ էր, որ թշնամին կարողանում է ազատորեն գործել, որի արդյունքում էլ մայիսի 28-ին հենց այս հատվածում թշնամու դիպուկահարի արձակած կրակոցներից վիրավորվել էր, ապա մահացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որին բուժմաս տեղափոխելը ժամեր էր տեւել դժվարանցանելիության պատճառով։

Վերադարձին միայն տեղեկացա, որ Ազգային ժողովում Պապիկյան Սուրոն ամպագոռգոռ ելույթներ է ունեցել, թե ինչպես պաշտպանել հայրենիքը։ Եռամսյա հավաքներին ծանուցագիր ստացող դաշնակցական տղերքին նա չէ, որ պետք է դա բացատրի, ու ծառայության ժամանակ դանակահարությամբ զբաղվածի (այս լուրը մինչեւ հիմա չի հերքել) նրա օրինակով չէ, որ Հայրենիքը սիրում են։ Բայց Պապիկյան Սուրոն, ԱԺ ամբիոնից այս ելույթների փոխարեն, ավելի լավ էր թող չստեր, թե Ներքին Հանդում ամեն ինչ կարգին է, թշնամին էլ առաջ չի եկել, իբրև վերադարձել է իր նախկին դիրքեր։ Թող դրա պատասխանը տա, թե բազմագույն ու բազմատեսակ որսորդական ու այլ անհասկանալի հանդերձանքներով քարոզչական տեսանյութերում նկարահանվելու փոխարեն, ինչո՞ւ է իր կառավարման պայմաններում խաթարվել մեր երկրի անվտանգությունը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել