Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել, որում ասվում է.

«Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ Ազգային Ժողովին՝ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն օրենքի գերակայությամբ իրականացվող դատավարության արդյունքում լուծելու և հնարավոր մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովելու հույսով»։

Ավելի վաղ նա գրել էր. «Պետական պատվերի շրջանակներում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Ինչպես արդեն հայտնել ենք, վրաերթի ենթարկված հղի կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն սրտի կանգով, ինչի մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել էր բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

Նրա խոսքով՝ մոտ մեկուկես ժամ բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն չի հաջողվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել