ՔՊ խմբակցությունում առաջիկայում քննարկվելու է նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը

ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում տեղի կունենա՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով:

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկմանը, որ իրենց պատգամավորական մանդատը տվել է ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել՝ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը մանդատը տվել է օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում: «Իսկ ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որը մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բացակայելու վերաբերյալ է», – հավելեց նա:

Վարչապետը հիշեցրեց՝ ինքը ևս ընդդիմադիր է եղել, իր քաղաքական ուժն արել է ցույցեր, հեղափոխություն, սակայն ինքը՝ ԱԺ պատգամավոր՝ մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չի բացակայել:

Փաշինյանը ընդդիմադիրներին հուշում տվեց. «Պատգամավորական գործունեությունը ոչ միայն չի խանգարում, այլ նաև, ես խիստ կասկածում եմ, որ եթե ես ԱԺ-ի պատգամավոր չլինեի, և ԱԺ-ի ամբիոնը չլիներ, ես, մեր քաղաքական թիմը կկարողանա՞ր իրագործել այն քաղաքական գործընթացները, որ տեղի ունեցան: Ժողովուրդը, Սահմանադրությունը, օրենքն ասել է, թե ինչպես են մանդատը տալիս և ինչպես այդ մանդատը հետ վերցնում: Արդյո՞ք դա տեղի կունենա. ընթացակարգ կա: ՔՊ խմբակցությունում, ես գիտեմ, որ պետք է առաջիկայում այդ թեմայով քննարկում տեղի ունենա, և խմբակցության դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է»,-ասաց նա:

Եթե ԱԺ խորհուրդը մանդատից զրկելու որոշում կայացնի, հետո պետք է դիմել ՍԴ, վերջնական որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն: Փաշինյանն իր անձնական դիրքորոշումը հրապարակելը ճիշտ չհամարեց, քանի որ ՔՊ խմբակցությունում, քաղաքական թիմում էլ այդ հարցով քննարկում, վերջնական որոշում դեռ չկա:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արդեն որոշակի ժամանակ է, ինչ փողոցային պայքարի են անցել և չեն մասնակցում ԱԺ նիստերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել