Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարած մի քանի մտքերի։
Նա մասնավորապես հայտարարել է, որ Լաչինի հատվածում երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն համայնքները, որոնք չեն գտնվել ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ՝ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ (Բերձոր, Աղավնո, Սուս- խմբ․)։
«Նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի։
Երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն նոր երթուղու նկատմամբ»,-ասել է Փաշինյանը։
Այս առնչությամբ Էլիբեգովան գրել է․ «Բառացիորեն ասեց, որ ներկա Լաչինի միջանցքը անցնելու ա Ադրբեջանին։ Նոր ճանապարհի հայկական հատվածը դեռ կառուցված չի, նախագծման փուլում ա, իսկ 3 նախատեսված տարիներից 2 համարյա անցել են։ Բերձորի ու Աղավնոի ճակատագիրը որոշված ա՝ բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին նոր ճանապարհի գործարկումից հետո։
Եթե դուք մինչև էս պահը դեռ պատրանք ունեիք այդ մասով, կարծում եմ այլևս պարզ ա էն, ինչի մասին ահազանգում ենք քանի ամիս ա»։