Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը. Թագուհի Թովմասյան

Երկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում. Գեղարքունիքից ստացված նոր ահազանգի հետքերով։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Դեռ 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել էի Սևանի ափամերձ համայնքների բնակիչներին պատկանող և նրանց կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողերի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրների վերաբերյալ կարևոր հարցը՝ մասնավորապես Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների բնակիչների սեփականության վկայագրերի ձեռքբերման մասին։ Ի պատասխան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն ավարտվել։ Այնուհետև նախարարը բանավոր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի։

Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատումից հետո Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին ուղղեցի հերթական գրությունը։ Արդեն նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանից ստացա պատասխան, համաձայն որի համապատասխան նախագիծը հանվել է շրջանառությունից։ Միաժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության և համայնքի կողմից սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ չափագրման աշխատանքներ իրականացնելու դեպքում նախարարության կողմից հարցը սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Անցավ ևս մոտ 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց։

Գեղարքունիքի մարզից հերթական ահազանգից տեղեկացա, որ մարդիկ վրդովված են, պահանջում են Կառավարությունից հրատապ լուծում։ Եվ օրերս կրկին պաշտոնական գրությամբ դիմեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Ներկայացնելով այս ողջ գործընթացը՝ համապատասխան հարցեր ուղղեցի նախարարին՝ խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ։ Միաժամանակ առաջարկեցի դիտարկել համապատասխան նախագիծը Կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցը, որի լուծմանը տարիներ շարունակ սպասում են Գեղարքունիքի մարզի շահագրգիռ քաղաքացիները։

Ի պատասխան՝ նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է, որ «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև առկա սահմանային անճշտություններն ու խնդրահարույց հարցերը բազմաթիվ են և դրանց համապարփակ լուծում տալու նպատակով «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման աշխատանքները: Ներկայումս կազմվել է կառավարման պլանի տեխնիկական առաջադրանքը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների սահմանների ճշգրտման հարցը ևս նախատեսվում է դիտարկել կառավարման պլանի մշակման շրջանակներում:

Ստացվում է ՝ նշված ժամանակահատվածում Շրջակա միջավայրի երկու նախարարներ փոխվեցին, այժմ էլ պաշտոնավարում է նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն գոնե այս ողջ ՝ շուրջ 3 տարիների ընթացքում Կառավարությունը չի լուծում մարդկանց համար այս կարևոր հարցը։

Շարունակելու եմ հետևողական լինել և իրականացնել իմ լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել