Շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու անվան տակ հանցավոր խումբը հափշտակություններ է կատարել

Աշոտ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ նա 2019թ. հուլիսի 27-ից 2021թ. ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում համախոհությամբ 9 և ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, նախ իր կողմից հիմնադրված և տնօրինվող «Մակս Կրեդիտ» ՍՊ ընկերության անունից, ապա կրկին իր կողմից փաստացի հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման «Ռեալ Կրեդիտ», «Արմ Կրեդիտ», «Հայ Կրեդիտ», «Մեգա Կրեդիտ», «Ֆարտունա կրեդիտ», «Ալֆա կրեդիտ», «Ռիչ Կրեդիտ», «Դվին Կրեդիտ», «Վան կրեդիտ», «Պրոֆ Կրեդիտ», «Նեո Կրեդիտ», «Բիգ Կապիտալ» «Տուրբո Կրեդիտ», «Ֆասթ Վարկեր», «Զեոն Կրեդիտ», «Ֆին Կրեդիտ» «Վեսթ Կրեդիտ», «Ուրիշ վարկ», «Իզի ֆին» անվանումներով իբրև վարկային կազմակերպություններ ներկայացվող գրասենյակների անունից համացանցի Facebook սոցիալական ցանցում գրանցած էջերի միջոցով վճարովի թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրել են իբրև վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն հանդիսացող վերը նշված անվանումներով նախապես վարձակալած գրասենյակային տարածքներ, որտեղ Աշոտ Ս․-ն և նրա հետ ու նրա ցուցումով գործող անձիք հաճախորդներին ներկայացրել են, թե իբր 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով՝ վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և գումարը տրամադրելու եղանակով, ստացումը:

Այնուհետև, հիշյալ քաղաքացիներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, որտեղ, չարաշահելով վերջիններիս վստահությունը, վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ խաբեությամբ ներկայացնելով, թե իբր անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն՝ չեն տրամադրել և հափշտակել են:

Բացի այդ, Աշոտ Սահակյանը և խմբի մյուս անդամներն իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու ընթացքում օգտագործել են նաև խաբեության այլ եղանակներ՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզել են վերջիններիս անձնական տվյալները և նրանց անվամբ «Իդրամ» ՍՊ ընկերության վճարային համակարգում գրանցել հաշիվներ, որոնց միջոցով «Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲ ընկերությունից առցանց ստացել են վարկային գումարներ, սակայն, չարաշահելով այդ քաղաքացիների վստահությունը, գումարները նրանց չեն տրամադրել, այլ՝ հասանելիություն ունենալով գրանցված «Իդրամ» հաշիվներին, կանխիկացրել և հափշտակել են:

Նույն կերպ իրենց դիմած անձանց ուղեկցել են «Արդշինբանկ»-ի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են վերջիններիս անուններով բացված բանկի կողմից առաջարկվող «Մոբայլ Բանկինգ» ծառայության մուտքի տվյալները, որոնց միջոցով «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունից առցանց ստացել են վարկային գումարներ, սակայն, դրանք նույնպես հափշտակել են դրանք:

Գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին, այն դատարան է ստացվել հունիս 14-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել