Մերկապարանոց և սուտ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկ Ապարանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի շուրջ մերկանտիլ որոշ ընդդիմադիրներ մամուլում փորձում են գեներացնել շահախնդիր թեզեր, թե իբրև Մաթևոս Ասատրյանը և իր ընտանիքի անդամները մասանկից են այդ վշտալի դեպքին։

Վերոբերյալ մերկապարանոց և սուտ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Վստահ եմ, որ իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության դեպքի բոլոր համգամանքները կպարզվեն, և քրեական գործի տրամաբանական ընթացքը կավարտվի մեղավորների դատապարտմամբ։

Ցավակցում եմ մահացածի հարազատներին, շուտափույթ կազդուրում եմ մաղթում վիրավորներին»,- գրել ե նա։

Նշենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մաթևոս Ասատրյանը հայտնել էր, որ մամուլում և որոշ քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են Ապարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշվում է.

«2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել