Խորհրդարանական ընդդիմությանը թվում է, թե իրենք դեռ «ողջ» են. Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն խորհրդարանական ընդդիմությանը թվում է, թե իրենք դեռ «ողջ» են։ Ընկերներ, սխալվում եք, դուք վաղուց «ողջ» չեք, դուք, ձեր համախմբով մեռելածին եք (կներեք իհարկե բժշկական տերմինոլոգիայի համար)։ Ու սա չեմ ասում չարախնդալու համար, այլ ասում եմ ցավով, քանի որ ցանկացած երկրի համար առողջ ու չմեռած ընդդիմություն ունենալը կենսական է։

Ուրեմն մեր «մեռած» ընդդիմությունը ողբերգության վրա դիվիդենտ շահելու գործը որոշել է շարունակել։ Մենք բոլորս իհարկե հիշում ենք բայրաքթարային ձեր փիառները ու երբեք չենք մոռանալու ձեր բարոյական անդունդը, բայց միթե՞ չեք հասկացել, որ նոր ողբերգությունները շահարկելը միայն ու միայն ձեր անբարոյական դեմքն են ցույց տալու։ Միթե՞ այդ պարզ ճշմարտությունը հասու չէ ձեզ։

Երեկ, անբարո շահարկումը լսելուն պես զանգահարել եմ Արագածոտնի մարզի առողջապահական մեր պատասխանատուներին, որպեսզի պարզեմ թե ինչպես են իրենց զգում մեր վիրավոր համաքաղաքացիները, նաև փորձել եմ պարզել դեպքի մանրամասները, քանի որ ներքին համոզմունք ունեի, որ անբարո շահարկման մեջ նշված մեր գործընկերները չէին կարող մասնակից լինել տվյալ ողբերգությանը։

Բայց մեր իրապես «մեռած», նույնիսկ «սատկած» ընդդիմության համար դա կարևոր չէր, կարևոր էր իրենց հոգեվարքը ևս մի փոքր շարունակելը։ Հոգեվարքը այդ սակայն, չէր «փրկելու» իրենց, քանզի «մեռելածին» էին նրանք, «մեռելածին»։

Հ.Գ. ցավակցում եմ զոհված մեր համաքաղաքացիների հարազատներին և տոկունություն եմ մաղթում նրանց, իսկ իրավապահ համակարգից ակնկալում և պահանջում դժբախտ պատահարի լիակատար բացահայտում և օրենքի ողջ խստությամբ արդարադատության իրականացում»,- գրել է նա։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշվում է.

«2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել