Ակնհայտ է չէ՞, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միջոցով հեռացնել օգոստոսին հնարավոր չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։
«Բայց մեր «արհեստավարժների» ու «նվիրյալների» ընդդիմությունը, որ դեռ մի ամիս առաջ երդվում էր մեկ-երկու օրից իշխանափոխություն անել, հիմա էլ առաջարկում է օգոստոսին անվստահություն հայտնել։
Արդյո՞ք իրենք չգիտեն կամ չեն հասկանում, որ իմպիչմենտը չի հաջողելու։ Իհարկե գիտեն ու նաև գիտեն, որ չհաջողված իմպիչմենտից հետո մեկ տարի պառլամենտը վարչապետի խաթրին կպնելու հնարավորությունից զրկվելու է` ինչպես զրկված էր 21թ.-ի ընտրություններից հետո մինչև այս տարվա օգոստոս։ Հետևաբար ընդդիմությունը «սպառնում է» ևս մեկ անգամ ու ևս մեկ տարով անձեռնմխելի դարձնել Փաշինյանին ճիշտ այն պահին, երբ նրա անկասելիության ժամկետը լրանում է։ Բայց մի տեսակ այս սպառնալիքը ավելի շատ գնային առաջարկի է նման` պառլամենտ վերադառնալու դիմաց վճարելիք գնային առաջարկի։
Ձեզ ի՞նչ է թվում, խորագետ, իմաստուն, հերոս, սուպերմենեջեր, պուտինիընգեր, ամենաձիգ դոշերով քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը սա կարա՞ չհասկանա։ Երևի կարա, որովհետև, եթե որոշի հասկանալ` թոշակի կուղարկեն»,-գրել է նա։