Կաթված ստացած Արմեն Կիրակոսյանին «դուրս են շպրտում» «Էրեբունի» հիվանդանոցից․ փաստաբանը ահազանգում է

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ահազանգում է․ իր կաթված ստացած պաշտպանյալին, անօգնական վիճակում «դուրս են շպրտում հիվանդանոցից»։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբանը պատմեց, որ Կիրակոսյանը կաթված է ստացել մայիսի 31-ին, որից հետո նրան կալանավայրից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

«Այդ օրվանից հիվանդանոցում է գտնվում, բայց անշարժ վիճակում է, գամված է անկողնուն և չի կարողանում ինքնուրույն հոգալ բնական կարիքները։ Ուրբաթ գիշերով դուրս են գրում, ասում են՝ տարեք «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մարդը վերականգնողական բուժման կարիք ունի, որը Դատապարտյալների հիվանդանոցը իրեն թույլ տալ չի կարող, բայց այդ, բնական կարիքների մասով Կիրակոսյանի մասին հոգ տանել չեն կարողանա, նա ինքնուրույն քայլել չի կարողանում»,-նշում է Լիպարիտ Սիմոնյանը։

Փաստաբանը զանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն նրանք արտարբերություն են դրսևորել։

Սիմոնյանին դուրս գրման մասին զգուշացրել են մոտ 2-3 ժամ առաջ․ «Մեր զրույցի պահին «Շտապօգնության» մեքենան մոտեցրել են, պատրաստվում են տեղափոխման»։

Նման որոշումը, ըստ փաստաբանի, կայացրել են հիվանդանոցում։ Նա խոսել է ինչպես բաժնի վարիչի, այնպես էլ հերթապահ բժշկի հետ, սակայն Կիրակոսյանին «Էրեբունի» հիվանդանոցում պահել չեն ցանկանում։ Սիմոնյանի խոսքով, դեռ հարց է՝  կընդունեն արդյոք կալանավորին Դատապարտյալների հիվանդանոցում։

«Չեն էլ ուզում ինձ լսել։ Երևի կալանավորված անձ է, պետական պատվերի շրջանակներում է բուժում ստանում, իրենց հաշվին նորմալ գումար չի նստում, երևի դրա համար էլ որոշել են դուրս գրել։ Կարող է՝ իրենց համար ավելի բարեհաճ հիվանդ գա»,-նշում է Լիպարիտ Սիմոնյանը։

Նշենք, որ Արմեն Կիրակոսյանը կալանավորվել է գողություն կատարելու մեղադրանքով, նա 44 տարեկան է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել