Փաստաբանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը Արմեն Գևորգյանի նկատմամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պատգամավոր Արմեն Գևորգյանի մասնակցությամբ քրեական գործի քննությունը։

Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ։ Նա հիշեցրեց, որ Գևորգյանը ԵԽԽՎ անդամ է, օժտված է անձեռնմխելիությամբ և, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ խնդրելով մերժել միջնորդությունը։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 15-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել