Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց թույլ տալ ընդդիմադիր պատգամավորին մեկնել երկրից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել