Բորիս Բախշիյանի գործը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործը կքննի նույն դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանը։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ և նույն օրը մակագրվել դատավոր Սեփխանյանին։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։

Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանին դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։ Ավելին, դատախազությունը չէր բողոքարկել դատական նիստերին չներկայացվող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու ու կալանավորելու որոշման դեմ։

Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։

Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այլ խոսքով՝ իրավապահներն, ի վերջո, հասկացել են, որ դատավորը, կալանավորման որոշումը կայացնելիս, որևէ կերպ չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ենթադրաբար գործադրվելիք ազդեցության և ցուցմունք փոխելու հետ։ Եթե, իհարկե, բացառենք, որ ի սկզբանե դա գիտակցում էին, պարզապես այդպես էլ պետք դատավորին կալանավորելու եւ այդպիսով մի շարք այլ դատավորների վախը բռնելու համար։

Մեղադրանքի փոփոխմամբ, ըստ էության, քրեական գործը փլուզվեց՝ դեռեւս մինչդատական փուլում։

Այս գործով դատավորը երեք ամիս կալանքի տակ է եղել և ազատ է արձակվել մայիսի 7-ին։

Նշենք, որ Լուսինե Սեփխանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել բոլորովին վերջերս՝ 2022թ հունվարի 5-ին, իսկ դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո Բախշիյանի վարույթում քննվող մի շարք գործեր վերամակագրվել են դատավոր Սեփխանյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել